Չի կարելի ՊՆ գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես, սա այդ համակարգը չէ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Անվտանգության ոլորտում այս տարի ՀՀ-ի համար ես գնահատում եմ կատարյալ ձախողում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում ոչ մի հարց չի բարելավվել:
«GPS-ով սահմագծումը բերեց նրան, որ ադրբեջանցիները տեղակայվել են իրենց ենթադրյալ սահմանի երկարությամբ: Մենք ստիպված ենք եղել 1-2 կմ ավելի շատ հետ գնալ, որոշ տեղերում՝ ավելի շատ: Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր չեն վերահսկում, ու մենք կորցրել ենք ոչ թե 40-45 կմ նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի շատ ու սա փաստ է»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս տարի ավելացել են նաև զոհերի, վիրավորների ու ռազմագերիների թիվը: Ոչինչ չի արվել բանակն ամրացնելու ուղղությամբ:
Երկրորդ նախագահը նկատում է, որ այս վերաբերմունքը գալիս է երկրի ղեկավարի այն արտահայտությունից, թե մեկ սարի համար հո չե՞նք պատերազմելու:
«Քո երկիրը բաղկացած է սարերից, ամեն սարի համար է պետք պատերազմել: Սա նույնն է, որ արաբներն ասեն՝ հո այս անապատի համար չե՞նք պատերազմելու: Սա ադրբեջանցիների համար հրավեր է՝ «էստի համեցեք». դու ուղղակի ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նկատեց, որ եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ապա պետք չէ ոչինչ ակնկալել մայորից կամ զինվորից: Ըստ երկորոդ նախագահի՝ ոչինչ չի արվել բանակի ամրացման ուղղությամբ: Բացի այդ էլ ռազմական բյուջեն այնպիսին է, որ ավելին հնարավոր չէ ոչինչ ակնկալել:
Նա նկատում է, որ 3 նախարար մեկ տարում փոխելը պարզապես աբսուրդ է:
«Չի կարելի ՊՆ գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես, սա ա՛յդ պաշտոնը չէ, սա ա՛յդ համակարգը չէ: Բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մարտունակ բանակի դեպքում երկիրը կարող էր պայքարել ազգային շահերի համար, որը գործող իշխանության համար ձեռնտու չէ: