Իրանը ցանկություն է հայտնել մասնակցելու Ադրբեջանի «ազատագրված տարածքների» վերականգման աշխատանքներին. Բայրամով
Ադրբեջանը բազմաթիվ առաջարկներ է ստացել իրանական ընկերություններից՝ կապված ադրբեջանական «ազատագրված տարածքների» վերականգնմանը մասնակցելու հետ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր Ադրբեջանի կարևորագույն առաջնահերթություններից է «ազատագրված տարածքների» վերականգնումը և նախկին ներքին տեղահանվածների վերադարձը «հայրենի հողեր»... Իրանը նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու այդ աշխատանքներին։ Մենք դիմումներ ենք ստացել իրանական բազմաթիվ ընկերություններից։ Համապատասխան պետական կառույցները քննարկում են այդ նախագծերը, իմ տեղեկություններով, նախագծերից մեկը կյանքի կկոչվի առաջիկա շաբաթներին»,- ասել է Բայրամովը։
Իր հերթին, իրանցի նախարարն ասել է, որ Թեհրանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ տարանցման, տրանսպորտային, «ազատագրված տարածքների» վերականգնման և այլ ոլորտներում։
Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում է երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը։