Արտակարգ դեպք՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է ՌԴ 34-ամյա քաղաքացու դի. նա տառապել է էպիլեպսիայով
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ Տիգրան Միրզոյանի և Ազատ Ղազարյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչն ու դատաբժիշկը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում «Դվին»-ի ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանն ասաց, որ մահացածը տառապել է էպիլեպսիայով, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:
«Նա այդ պահին մենակ է եղել բանվորների հանգստյան սենյակում»,- ասաց մեր զրուցակիցը։