Ես հասկանում եմ, որ ձեզ ստիպել են, և արդեն տարբերակ չունեք, բայց երբ քվեարկելիս լինեք, մտածեք` ավելի շատ Երևա՞նն եք սիրում, թե՞ ՔՊ-ն... Գրիգոր Երիցյան (տեսանյութ)
Այսօր վերջին անգամ է, որ այս ամբիոնից դիմում եմ ձեզ։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց արդեն նախկին իմքայլական Գրիգոր Երիցյանը, ում առաջ հարց է դրվել Հայկ Մարությանի հրաժարականի համար չստորագրելու դեպքում` վայր դնել մանդատը։
Վերջինս ցավով նկատեց, որ արդեն իր նախկին գործընկերների մի մասը նման խայտառակ ու հակաժողովրդավարան գործընթացի մաս են կազմել։
«3 տարի առաջ, երբ միացա հետհեղափոխական դաշինքին, իմ մտքով չէր անցնի, որ իմ առաջ խնդիր է դրվելու` եթե համաձայն չես, եթե դեմ չես քվեարկում, ուրեմն պետք է գնաս։ Կա՛մ մանդատդ ես վայր դնում, կա՛մ քո առաջ սառեցնում ենք բոլոր ռեֆորմներն ու ծրագրերը։ Անկեծ եմ ասում` չէր անցնում մտքովս»,- ասաց Գրիգոր Երիցյանը:
Նա ցավով նկատեց, որ քաղաքական այդ թիմը դառնում է այն, ինչի դեմ այսքան պայքարել է:
«Մենք մսխում ենք հեղափոխության տված հնարավորությունը և վերջին մեխն ենք խփելու»,- ասաց Գրիգոր Երիցյանը:
Նա դիմեց նաև իր արդեն նախկին դարձած գործընկերներին. «Ես հասկանում եմ, որ ձեզ ստիպել են, և արդեն տարբերակ չունեք, բայց երբ քվեարկելիս լինեք` մտածեք. Ձեզ ավելի շատ հետաքրքրում է Երևանի՞ հանրային շահը, թե՞ ՔՊ֊ի շահը, Դուք ավելի շատ Երևա՞նն եք սիրում, թե՞ ՔՊ֊ն։ Այնպես արեք, որ երևանցիների աչքերին կարողանաք նայել»,- ասաց Գրիգոր Երիցյանը: