Քանի՞ անգամ եք նախագիծ բերել քննարկման, որ մերժվել է... հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ վայելում... Իզաբելլա Աբգարյանը` ՔՊ-ականներին (տեսանյութ)
Երևանցիների կողմից ընտրված հարգելի պարոն քաղաքապետ։ Այսպես սկսեց իր ելույթը Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար հրավիրված արտահերթ նիստի ժամանակ։
Նա նաև դիմեց ավագանու անդամներին` շեշտելով, որ նրանք ևս այս դահլիճում են հայտնվել երևանցիների քվեներով։
Իզաբելլա Աբգարյանը նկատեց, որ շատ դժվար է այսօր իր համար խոսել, քանի որ մինչ օրս խոսել է երևանցիների խնդիրները բարձրաձայնելու համար, բայց այսօր ամոթալի այս օրվան են եկել, հասել։
Նա նկատեց, որ ՔՊ-ն իր նախագծով փաստում է, որ որոշողը իրենք չեն, երևանցին չէ, այլ որոշողը ՔՊ-ն է։
«Երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել։ Եթե երևանցին չցանկանար, որ Հայկ Մարությանը քաղաքապետ չլինի` դուրս կգար փողոց ու կասեր` Մարության, հեռացիր, որովհետև դու այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»,- ասաց Աբգարյանը:
Նա ևս մեկ անգամ փաստեց, որ սա հանրային պահանջ չէ, և այն, ինչ անում են այսօր ավագանու իմքայլական անդամները, սխալ է։
«Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին ՔՊ֊ի հայտարարությունը լսելիս` մտքիս մեջ պտտվում էր «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը` իր հայտնի հերոսի բառերով` իսկ ովքեր են դատավորները։ Դուք այսօր դատավոր եք` առանց փաստարկների, որը պետք է կներկայացնեք հանրությանը՝ ապացուցելու համար, թե ինչի մեջ եք մեղադրում Հայկ Մարությանին և մահապատժի եք ենթարկում առանց այդ փաստարկների ու կոնկրետ մեղադրանքների։ Քանի՞ անգամ եք նախագիծ բերել քննարկման, որ մերժվել է»,- ասաց Աբգարյանը:
Ավագանու անդամը նկատեց, որ ոչ թե Հայկ Մարությանն է հեռացել ՔՊ֊ից ու հեղափոխական արժեքներից, այլ ՔՊ֊ն է հեռացել իր հեղափոխական ուղուց։
Նա իր խոսքը եզրափակեց հայտնի ճշմարտությամբ` հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ վայելում...