Արցախի ԱԻ պետական ծառայության ավագ ենթասպա Հովիկ Աղաջանյանը այսօր կդառնար 27 տարեկան
Այսօր ԱԻ պետական ծառայության ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի ծննդյան օրն է: Հերոս փրկարարը կդառնար 27 տարեկան:
Հովիկի հարազատները, բարեկամները, մարտական ընկերներն ու համածառայակիցները՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ Խնածախի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս փրկարարի շիրմաքարին:
Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ՝ նվիրված իր գործին ու ընկերներին, օժտված էր պատասխանատվության բարձր զգացումով: Խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը:
Ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 20-ին, Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Ամուսնացած չէր:
Վիրավորվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ հակառակորդի կողմից մասնավորապես թիրախավորվել էր ԱԻՊԾ վարչական տարածքը: Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարել են Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Անմահացել է 2020 թվականի հեկտեմբերի 4-ին:
2020թ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: