Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին
Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում տեղակայված մասնաշենքեր, շրջել մանկական բաժանմունքում։
Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։
«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։
«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», -նշել է Միխայիլ Մուրաշկոն։
Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։