Աֆրիկյան մայրցամաքը Անկարայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է․ Էրդողան
«Անկարան պատրաստ է երկխոսության և համագործակցության աֆրիկյան երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Թուրքիա-Աֆրիկա գործընկերության III գագաթնաժողովի բացման ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ աֆրիկյան մայրցամաքը Անկարայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։
«Մեր երկիրը երբեք երես չի թեքել Աֆրիկայից և աֆրիկյան ժողովուրդներից»,- ընդգծել է Էրդողանը։
Նախագահ Էրդողանը անարդար է համարել, որ 1,3 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկյան մայրցամաքը չի կարող ազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա և հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման Թուրքիայի կոչերը։
Նա նաև ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու աֆրիկյան մայրցամաքում անվտանգության մարտահրավերների վերացմանը։
«Թուրքիան ինքը պայքարում է ահաբեկչության դեմ մոտ 40 տարի, և հետևաբար, ավելի քան որևէ մեկը, նա գիտակցում է անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում են որոշ աֆրիկյան երկրներ», - ասել է Էրդողանը: