Թուրքիան և Ադրբեջանը կարող են սկսել մարտական ինքնաթիռների արտադրություն
«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, մենք առաջարկում ենք միավորել մեր ջանքերը»։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր տնօրինության տնօրեն Իսմայիլ Դեմիրը։
Նրա խոսքով, Թուրքիան աջակցում է այն նախաձեռնությանը, որ երկրներն օգտագործեն Անկարայի փորձը, գիտելիքներն ու հմտությունները ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր առավելությունները։ Մենք կշարունակենք զարգացնել այդ քայլերը այն երկրների հետ, որոնք համաձայնել են մեր առաջարկներին, և կարծում ենք, որ դրանք դրական արդյունքներ կբերեն»։
Նշենք, որ թուրքական TUSAŞ ընկերությունը 2017 թվականին պայմանագիր է կնքել բրիտանական BAE Systems ընկերության հետ հինգերորդ սերնդի ազգային մարտական ինքնաթիռի (MMU) արտադրության համար, որը կարող է մեծ հեռավորությունների վրա խոցել թիրախները՝ հագեցած լիովին էլեկտրոնային և ժամանակակից ռադիոտեղորոշիչ համակարգերով։ MMU-ի առաջին փորձարկումները նախատեսված են 2025 թվականին։