Բելգիայում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչության 9-րդ կասկածյալը
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների մեջ 9-րդ կասկածյալին: Կասկածյալը ձերբակալվել էր շաբաթվա սկզբին, սակայն միայն հիմա են այդ մասին հայտնում: Օրվա ընթացքում հայտնի կդառնան հանցագործի ձերբակալության մանրամասները: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Ընդհանուր առմամբ, Բելգիայում Փարիզի ահաբեկչությունների գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 8 ձերբակալվածների: Գրեթե բոլորը կապված են եղել ահաբեկչության գլխավոր կասկածյալ Սալահ Աբդելսալամի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին երեք խմբեր համաժամանակյա ահաբեկչական գործողություններ են իրականացրել Փարզիում և նրա մերձակայքում՝ Սեն-Դենիում: Երեք ջիհադիստ պայթեցրել են «մահապարտի գոտի» Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Մյուս խումբը Փարիզի հյուսիսի արևելքում հարձակվել էր սրճարանի և ռեստորանի վրա:
Երեք այլ ահաբեկիչները պատանդ էին վերցրել Բատակլան թատրոնում: Փարիզյան ահաբեկչություններին զոհ է գնացել 130 մարդ, 350 հոգի վիրավորվել են: