Ալիևը Բրյուսելում ելույթ է ունեցել և քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևը ընդգծել է, որ նախորդ տարիներին միջազգային միջոցառումների ժամանակ Հայաստանի ղեկավարությունը սովորաբար անհիմն ու մեղադրական հայտարարություններով էր հանդես գալիս Ադրբեջանի դեմ։
Դրական գնահատելով այն փաստը, որ այս անգամ դա տեղի չի ունեցել, Իլհամ Ալիևը նշել է, որ ինքը ուղղակիորեն չի արտահայտվել Հայաստանի դեմ։ Նախագահն ասել է, որ դա վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար պարարտ հողի ստեղծման մասին։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ Իլհամ Ալիևը նաև նշել է, որ 28 տարվա բանակցությունների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արձագանք է ակնկալում աշխարհաքաղաքական նոր իրողություններին համապատասխան։
Նախագահի խոսքով, ադրբեջանական կողմը կարծում է, որ Մինսկի խումբը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը, մարդկանց միջև շփումների հաստատմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլ հարցերում։