Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մի մեծ քար գցել Արցախի ճակատագրին. Օհանյան (տեսանյութ)
Երբեք անակնկալ չեն եղել այս իշխանության գործողությունները. Հասկանալի էր, որ իրենք կարող են բոյկոտել ԱԺ նիստը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը՝ սկսած նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
«Այսօր չկա Հայաստանում որևիցե մեկ անձ, որ ասի՝ որտեղով են անցնում մեր սահմանները, որովհետև Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Նա նշեց, թե սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին: