Կուրսանտի սպանության գործով մեղադրյալների դատապաշտպանները բացարկ են ներկայացրել
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
10 րոպե ընդմիջումից հետո մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրեցին գործով մեղադրող դատախազ Հայկ Հարոյանին` պնդելով, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեադատավարական օրենսգքրի կոպիտ խախտումներով:
Մեղադրյալների պաշտպաններ Արա Զաքարյանը, Արմեն Նադիրյանը, Անահիտ Հովհաննիսյանը և Հովիկ Արսենյանը նկատեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ նախաքննչական մարմնի կողմից դրսևորվել է կողմնակալ վերաբերմունք, քանի որ արդարացնող հանգամանքները անհիմն մերժվել են:
Մովսես Նազարյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն անմեղ է և նրա մեղքը 10 հատորանոց գործում այդպես էլ չի երևում :
Նրա խոսքով` վկայությունները երերուն են և միմյանց հակասող:
«Մեղադրող դատախազը նոտարի դեր է կատարել, քնչի գրածը հաստատել է»,- ասաց դատապաշտպանը:
Այս պահին նիստը շարունակվում է: Մեղադրյալների պաշտպանները շարունակում են ներկայացնել այն միջնորդությունները, որոնք մերժվել են` կապված տեսակցությունների, առերեսման և մի շարք այլ հարցերի հետ:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: