Սա հերթական շոուն է, իշխանությունը բռնաճնշումներով պահելու վառ ապացույցն է. Աննա Մկրտչյանը՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու մասին
Այդ անձնավորությունը որևէ կերպ չի եղել փախուստի մեջ, ինչո՞ւմ է խնդիրը, որ ոստիկանությունը պիտի 3-4 մեքենաներով, անհամաչափ ուժ գործադրելով, սպասեր իրեն իրենց տան բակում և բերման ենթարկեր, ինձ թվում է ակնհայտ է՝ հերթական շոուն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկտրչյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։
«Սա հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի՝ բռնաճնշումներով իշխանությունը պահելու վառ ապացույցն է։ Ամեն թղթի տակ ստորագրելուց, թուղթ տանել-բերելիս ոստիկանները հասկանում են, թե ինչ են անում, բայց ես ցավում եմ, որ նրանց մարդկային և մասնագիտական արժանապատվությունը նահանջում է այն ուղղահայաց հրամայականին, որ իրենք ստանում են գործադիր իշխանությունից՝ ամբողջությամբ մոռանալով գործառութային առանցքը, որ իրենք պիտի իրականացնեն ՀՀ-ում ներքին կայունության և արդարադատության իրականացման ոլորտում»,- ասաց Մկրչտյանը։