Շառլ Միշելը վաղը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով, առաջիկա հանդիպման նպատակն է օգնել այս երկու երկրներին ուղիղ կապ հաստատել և բարելավել հարաբերությունները։ «Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նրանց միջև վստահության մակարդակը բարձրացնելու համար՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի շատ հաջող հաստատման վրա, որը հաստատվել է մի քանի շաբաթ առաջ», - հավելել է նա։
Եռակողմ հանդիպման արդյունքներով նախատեսվում է հրապարակել համատեղ հայտարարություն։