«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Խոսնակը պարզաբանում է ներկայացրել՝ անդրադառնալով որոշ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդների գործադուլին և հանրային տրանսպորտի աշխատանքին։ Կարապետյանը ամփոփել է Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները ու նշել, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ»։
Կարապետյանը նշել է, որ քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար:
« Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»։