Այս 30-ամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր` կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի կապակցությամբ։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին:
2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը»: