Գլենդելում ձերբակալվել է հայազգի թմրավաճառ
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանին, ում տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 9 կգ ափիոն, 1 կգ հերոին, մոտ 200 գր կապույտ և մանուշակագույն մետամֆետամին:
Latimes.com կայքի հաղորդմամբ` տան խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են կշեռք, փաթեթավորման պարագաներ և թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելը փաստող այլ ապացույցներ:
Ըստ աղբյուրի` Բաղոմյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում դեռևս անցած տարի 14 կգ ափիոն պահելու համար, սակայն այդ ժամանակ նրան ազատ են արձակել գրավի դիմաց:
«Ափիոնի ու հերոինի գործ անող այս մարդը բազմաթիվ ընտանիքներ է քանդում Գլենդելում, Բրբենքում ու հարակից քաղաքներում: Ես գտնում եմ, որ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ ավելի լավ կանեին գնային ու բուժվեին»,-նշել է իրավապահ Ջոն Բալյանը:
Աղբյուրը հավելում է, որ այս անգամ Բաղոմյանն այլևս հնարավորություն չի ունենա ազատ արձակվել գրավի դիմաց: