Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել էր բուժումից հրաժարվելու մասին, մտափոխվել է
Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նախօրեին հայտարարել էր բուժումից հրաժարվելու մասին, որոշել է մտափոխվել։ Այս մասին լրագրողներին ասել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։
Փաստաբանն ասել է, որ հիվանդանոցի տնօրինության կողմից ձեռնարկված որոշ միջոցներ հանգեցրել են բոյկոտի, մասնավորապես՝ տեսակցությունների սահմանափակումների, ինչպես նաև հեռուստացույց դիտելու արգելքի։
«Երեկ բողոքի ակցիայից հետո նրան ազդանշան են տվել, նա հեռուստացույց դիտելու հնարավորություն ունի։ Կարգապահական սահմանափակումները վերացվել են, հետևաբար Սաակաշվիլիի բողոքի բոլոր ձևերն ավարտվել են, նա դեղեր է ընդունում»,- պարզաբանել է Սաակաշվիլիի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը 50-օրյա հացադուլից հետո շարունակում է բուժումը Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։