Բայդեն-Պուտին տեսակոնֆերանսից մանրամասներ է հայտնել Guardian-ը
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցությունները տևել են երկու ժամ։
Գագաթնաժողովի օրակարգում էին երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը, հայտնում է РБК-ն։
Նախագահները միմյանց հետ կապ են հաստատել ապահով տեսակապի միջոցով։ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում էր, իսկ Բայդենը՝ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը։
Երկու առաջնորդների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Բայդենը Պուտինի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կոշտ տնտեսական միջոցներով կպատասխանեն Ուկրաինայի դեմ ռազմական էսկալացիայի դեպքում։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը կոչ է արել Ռուսաստանին դեէսկալացնել Ուկրաինայի շուրջ և վերադառնալ դիվանագիտությանը։ Բայդենի գրասենյակը նաև նշել է, որ կողմերը քննարկել են Իրանի շուրջ համատեղ աշխատանքը։
Բանակցությունների ավարտից քիչ առաջ Վաշինգտոնը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցից հետո Բայդենը կզանգահարի եվրոպացի առաջնորդներին և նրանց կպատմի զրույցի արդյունքների մասին։
«Կեսօրից հետո նախագահ Պուտինի հետ զրույցի ավարտին նախագահը հեռախոսազրույցներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ»,- մեջբերում է Guardian-ը։