Եթե իշխանությունը չի դատապարտում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ուրեմն համաձայն է, որ գերիների հարց գոյություն չունի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքը բարձրացրել էր ռազմագերիների հարցը, սակայն իշխանությունը պատշաճ չի արձագանքել, ինչի պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նաև արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ վերջինս ասում է, թե գերիներն իր համար այլևս գոյություն չունեն։
«Իշխանական թիմը պետք է հրապարակային հանդես գա` հայտարարելով, որ դատապարտում է Ալեն Սիմոնյանի մոտեցումը, հակառակ դեպքում նշանակում է` նրանք ստորագրում են Ալեն Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ և ասում են, գերիների թեմա իրենց համար գոյություն չունի»,- ասաց պատգամավորը։
Նա նկատում է, որ հանրությունն ի վերջո պետք է հասկանա` իշխանության համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ չունի։