Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ավելի քան 20-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Detik լրատվական պորտալը՝ հղում անելով փրկարարական ջոկատի ներկայացուցիչ Վայան Սույաթնուն։
«Այսօր առավոտյան որոնողական խումբը հայտնաբերել է ևս հինգ դի, որոնք տեղափոխվել են տեղի դիահերձարան»,- ասել է նա լրագրողներին։ Այսպիսով, ընդհանուր զոհերի թիվը այս պահին կազմում է 27 մարդ։
Արևելյան Ճավա նահանգի աղետների օգնության գործակալության դեպարտամենտի տվյալներով՝ 69 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, մոտ 100-ը՝ թեթև վնասվածքներ։ Բացի այդ, երկուշաբթի օրը փրկարարները հայտնել են, որ ավելի քան 20 տեղի բնակիչներ անհետ կորել են։
Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն է և Ինդոնեզիայի մոտ 130 ակտիվ հրաբուխների շարքում է: