7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են` ժողովրդին զսպելու սուտ խոստում. Արթուր Խաչատրյան
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,4 տոկոս, իսկ 10 ամսվա տվյալներով այն իջել է 4,3 տոկոսի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով ցույց տալ, թե այդ 7 տոկոս աճն իրատեսական է:
«2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում երրորդ եռամսյակին 12-ամսյա գնաճը կազմել է 8,9 տոկոս: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների դասում գնաճը կազմել է 15,4 տոկոս: Բանջարեղենը 64,5 տոկոսով է թանկացել:
«Եթե չեք կարող գները վերահսկել, ո՞ւմ եք պետք: Եթե չեն կարողանում ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անվտանգություն ն ապահովել, պետականության բուն գաղափարն են վարկաբեկում»,-ասաց պատգամավորը։