ՆԱՏՕ-ն չի պատերազմելու Պուտինի դեմ. Նորբերտ Ռոտգեն
ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի տա, եթե ռուսական զորքերը ներխուժեն Ուկրաինա, Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում ասել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի թեկնածու Նորբերտ Ռոտգենը։ Նրա խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։
«ՆԱՏՕ-ն չի պատերազմելու Պուտինի դեմ»,- ասել է նա։ Ռյոտգենը նաև նշել է, որ Գերմանիան զենք չի մատակարարի Ուկրաինային։ «Հեռացող կառավարությունը նման որոշում է կայացրել. Ես նոր կառավարությունից այլ բան չեմ սպասում»,- ասել է նա։ Միաժամանակ, քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկմանը, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին զինված հակամարտություն տեղի ունենա։
«Եթե իսկապես խոսքը գնում է պատերազմի մասին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ գազատարը միացված կլինի ցանցին»,- ասել է ՔԴՄ արտաքին քաղաքականության փորձագետը։
Միաժամանակ, ինչպես կարծում է Ռյոտգենը, «չպետք է այն ամենը, ինչ հաստատվում է, վերածել պատժամիջոցների առարկայի»։ Գերմանիան, ցավոք սրտի, իրեն դրել է մի իրավիճակում, երբ իր գազի 50%-ը ստանում է Ռուսաստանից»,- ասել է քաղաքական գործիչը։