Թուրքիան պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի բոլոր երկրների հետ. Էրդողան
Թուրքիան նպատակ ունի էլ ավելի զարգացնել համագործակցությունը Քաթարի հետ։ Ինչպես հաղորդում է «Anadolu»-ն՝ այս մասին Քաթար թռչելուց առաջ ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Հաղորդվում է, որ Դոհա կատարած այցի ընթացքում Էրդողանը կայցելի նաև երկրում գտնվող թուրքական ռազմաբազա։
Պետության ղեկավարը նշել է, որ թուրքական կապալառու ընկերությունների կողմից Քաթարում իրականացվող ծրագրերի ծավալը մոտեցել է 15 մլրդ դոլարի։ Էրդողանը կոչ է արել վերականգնել երկխոսությունը Պարսից ծոցի արաբական երկրների միջեւ։
«Քաթարի նկատմամբ սահմանափակումները հանվել են այս տարվա սկզբից։ Պարսից ծոցի արաբական երկրների միջև լարվածությունը թուլացել է: Անկարան ողջունում է սխալ քայլերի հետեւանքները վերացնելու դիվանագիտական ջանքերը։ Թուրքիան պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի բոլոր երկրների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։