Ես մարդ եմ, ով ապրել է 90-ականների հաղթանակը Աշոտ Մինասյանի պես մարդկանց շնորհիվ, և իրենց սխրանքը ինձ համար վեհ է ամեն ինչից․ Աննա Մայիլյան (տեսանյութ)
Նույնիսկ, եթե մեր ձայնը լսելի չլինի, այդ ձայնը պետք է հնչեցնել։ Պետք չէ պասիվ լինենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեր այն զավակների հետ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի ազատության համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Աննա Մայիլյանը, ով մի շարք մտավորականների հետ միասին եկել է դատախազության դիմաց՝ հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով։
«Ես, իհարկե, պետք է պաշտպանեմ այն մարդուն, ով իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի, ու ինչ էլ լինի, պետք է պաշտպանենք նման մարդկանց։ Չի կարելի կալանավորել մարդուն, ով խիզախել է և կյանքը չի խնայել հանուն հայրենիքի»,-ասաց նա։
Հարցին` ի՞նչ քայլերի են դիմելու, եթե պարզվի Մինասյանի մեղավորությունը այդ գործում, Մայիլյանը նշեց. «Գիտեք, այնքան մեղավորություններ կան երկրում, որ պետք է պարզվի։ Այսօր պետք է շատ ուրիշ մեղավորություններ ապացուցվեն, որ չեն ապացուցվում։ 5000 զոհ են ունեցել, շուրջ 10.000 երիտասարդ անդամալույծ է, մենք խնդիրներ ունենք, որոնց համար շատ մարդիկ պետք է դատվեին, բայց չեն դատվում։ Ես մարդ եմ, ով ապրել է 90-ականների հաղթանակը Աշոտ Մինասյանի պես մարդկանց շնորհիվ, և իրենց սխրանքը ինձ համար վեհ է ամեն ինչից»։
Ինչպես հավաքված մյուս բոլոր մտավորականները, այնպես էլ Աննա Մայիլյանը վստահ են, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
«Մենք ունենք վտանգված հայրենիք, ոչ առողջ հասարակություն, ունենք այնպիսի խնդիրներ, որոնց վրա պետք է բևեռվենք, ոչ թե նման մարդկանց կալանավորելով։ Պետք է զբաղվենք ազգային ոգին բարձրացնելով, ոչ թե հակառակը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․