«Վերնիսաժի» կրակոցների գործով դատը հետաձգվել է
«Վերնիսաժի» կրակոցների գործով մեղադրող դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանի` «Յուվեցի Կարոյի» փեսայի պատիժը խստացվի և բեկանվի Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Մեղադրող դատախազը պահանջում է, որպեսզի Գոռ Առաքելյանին 9 տարվա ազատազրկման դատապարտեն: Սակայն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունը հետաձգվել է, որպեսզի գործով առակա փաստաթղթերին դատախազը կարողանա առավել հանգամանալից ծանոթանալ:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ` վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: Գոռ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 66-րդ հոդվածով եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվել է 3, Ներսես Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման ազատազրկման: