ԱՄՆ-ն Ռուսաստանը շրջապատել է ռազմակայաններով․ Լավրով
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջապատել է Ռուսաստանը իր ռազմակայաններով և անընդհատ հիստերիա է հրահրում մեր սահմանների երկայնքով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախարարի խոսքով՝ այս փաստերը հայտնի են նույնիսկ ցանկացած դպրոցականի։
«Այն, որ մեզ մեղադրում են Ռուսաստանի Զինված ուժերի կողմից իրենց ինքնիշխան տարածքում վարժանքների համար, այն երկրները, որոնք հսկայական քանակությամբ զորքեր և զինտեխնիկա են համախմբում արտերկրից մեր սահմանների մոտ, և այն, որ Միացյալ Նահանգները շրջապատել է մեզ բոլոր կողմերից՝ իրենց ռազմակայաններով, սրանք երևի փաստեր են, որ ցանկացած դպրոցական գիտի։ Եվ, այնուամենայնիվ, այս հիստերիան անընդհատ մեծանում է»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ արևմտյան գործընկերների անհիմն հայտարարությունները ապացույցներ չեն։