Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան, որտեղ կանցկացվի 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության գրավման գործով լսումները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սա կլինի նրա առաջին հրապարակային ելույթը ձերբակալությունից հետո։
«Այս պահին Սաակաշվիլիին տեղափոխել են քաղաքային դատարանի շենք, կարելի է հստակ ասել, որ այսօր Սաակաշվիլին խոսելու է ժողովրդի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել ընտրությունների առաջին փուլից առաջ, որից հետո ձերբակալվել և բանտարկվել է։ Վրաստանի նախկին ղեկավարը հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո հացադուլ է հայտարարել։ Նոյեմբերի 20-ին նա Գորիի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հոսպիտալից, որտեղ տեղափոխվել էր նոյեմբերի 8-ին։