ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ակնկալիքների մասին
Մոսկվան հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մեր ակնկալիքները, ինչպես բոլոր մարդիկ, ովքեր ապրում են այս երկու երկրներում և Ռուսաստանում այն է,որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը ավելի շուտ գա»,- ասել է Ռուդենկոն։
«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակաուղղված է նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը, տեսնելու, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ինչպես կարելի է առաջ տանել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հուսով ենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կուրվագծեն այս խոստումնալից ոլորտները»,- ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիում ռուսաստանյան հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:
Ռուս դիվանագետը հավելել է, որ ղարաբաղյան տարածաշրջանի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են. «Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ ցավոք մենք ականատես ենք լինում, որ որոշ մարդիկ մահանում են»։