Իրանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն Աշխաբադում՝ նոյեմբերի վերջին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Աշխաբադում ECO-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կարող է տեղի ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
«Երկու երկրների ղեկավարների համար գագաթնաժողովների շրջանակներում երկկողմ հանդիպումները բնական են։ Իհարկե, մենք պետք է մանրամասները ճշտենք նախագահի աշխատակազմում»,- ասել է Խաթիբզադեն։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջերս Թեհրան կատարած այցի կարևորությունը։
«Փոխվարչապետի այցը կոչված է բարելավելու երկու երկրների հարաբերությունները։ Իրանա-ադրբեջանական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ»,- ասել է նա։