Անկարան նոր պայմաններ է առաջադրում` Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքը». դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել. Միրզոյան
Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին:
Լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանը և Թուրքիան կապող միջանցքի առկայությունը, Արտգործնախարարը նշել է.
«Մենք մշտապես հայտարարել են, որ պատրաստ են կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն,-ասել է Արարատ Միրզոյանը: