ԱՄՆ նախագահի ստորագրությունն այնքան էլ վստահելի ու արժեքավոր չէ. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար «միջուկային գործարքին» վերադառնալու միակ պայմանը Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական վերացումն է, գրում է Tasnim-ը։
«Մեզ պետք են երաշխիքներ, որ այսուհետ ԱՄՆ-ը չի ծաղրի միջազգային իրավունքը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը վստահություն չի ներշնչում Իրանի ներկայացուցիչներին։ «ԱՄՆ նախագահի ստորագրությունն այնքան էլ վստահելի ու արժեքավոր չէ, որքան նրանք պնդում են, ուստի Թեհրանի համար կարևոր է ստանալ անհրաժեշտ երաշխիքները»,- հավելել է Խատիբզադեն։
Նա նաև նշել է, որ բոլոր հարցերը մանրամասն կքննարկվեն նոյեմբերի վերջին Վիեննայում կայանալիք բանակցությունների ընթացքում։