Տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան
Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում: Այսպես է սկսել իր ելույթը Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մեկնարկին:
Նա նկատել է, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։
Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։