Շղթայական ավտովթար՝ ԱԺ-ի դիմաց․ բախվել են «Hyundai Sonata»-ն, «Mercedes»-ը, «Toyota»-ն ու «Opel»-ը
Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։
Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է «Mercedes»-ին, «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota»-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։