ԱՄՆ նախկին համանախագահ Բրայզան դժգոհ է նախագահների հանդիպման արդյունքից
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ դժգոհ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքից: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:
Ամերիկացի նախկին համանախագահը նշել է, որ հանդիման ժամանակ ոչ մի կարևոր համաձայնություն ձեռք չի բերվել: Հանդիպումից հետո էլ լարվածությունը շարունակում է բարձր մնալ:
«Միակ կարևոր բանն այն է, որ ստացվեց կազմակերպել նախագահների հանդիպումը և նրանք հանդիպեցին, սակայն խնդրի լուծման առաջընթացի համար նրանց պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների օգնությունը»,- ավելացրել է նա:
Բրայզան անդրադարձել է նաև լրագրողի այն հարցին, որ այժմյան ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգթոնում հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարի հետ:
«Ես շատ լավ ճանաչում եմ Ուորլիքին և նա անկողմնակալ է աշխատում: Չնայած իմ ժամանակ ես դա չեմ արել, մտածելով, որ ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումը ընդգծում է Ղարաբաղի սուվերենությունը»,- նշել է նա: