Թուրքիան դեմ է հակաիրանական պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիան դեմ է ցանկացած ձևի միակողմանի պատժամիջոցների. Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թեհրանում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։
Թուրք նախարարի խոսքով՝ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի նման սահմանափակումները պետք է հանվեն։ Չավուշօղլուն Վիեննայում Իրանի մասնակցությամբ բանակցությունների արդյունավետության հույս է հայտնել՝ նշելով, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը նշանակալի է Անկարայի համար։
Նա նաև նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ տարածաշրջանային բազմաթիվ հարցերի շուրջ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում 3+3 ձևաչափի օգտագործման համատեքստում։