Իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական սադրանքները. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Սյունիքն իր բնույթով աշխարհաքաղաքաղաքական, տարածաշրջանային դերակատարություն է, Հայաստանի համար կարևոր մարզ է, որն անվտանգություն է ապահովում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի փակվելու խնդրին, Աբրահամյանը նկատում է, որ այն առաջ է բերում այդ հատվածում գտնվող բնակավայրի անվտանգության, հարցը, մինչդեռ իշխանությունը խնդրին լուրջ չի մոտենում:
«Իշխանությունն ասում է՝ մենք 2-րդ ճանապարհ ենք կառուցել, շատ լավ ճանապարհ է, որակական առումով ավելի լավն է, քան այն, որտեղ Ադրբեջանը մխրճվել է, ավելի անվտանգ է, միջազգային չափանիշներին համապատասխան։ Այսինքն՝ ի՞նչ կապ ունի ճանապարհի որակը, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն մխրճվել է ՀՀ տարբեր հատվածներ, ոչ միայն վերահսկողություն է ապահովում մեր կարևոր ենթակառուցվածքների վրա, այլ նաև լուրջ սպառնալիք է ստեղծում մեր բնակավայրերի համար»,-ասաց Աբրահամյանը:
Համեմատության համար ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սա նույնն է, որ իշխանությունը հայտարարի՝ եթե սահմանամերձ բնակավայրեր են, Ադրբեջանը խնդիր է ստեղծում, մենք նրանց բնակարաններով ապահովում ենք, թող նրանք դուրս գան սահմանամերձ բնակավայրերից»։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ իշխանության խնդիրը ոչ թե կանխելն է ադրբեջանական ագրեսիան, նվազագույնի հասցնելն անվտանգային սպառնալիքները, այլ իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական սադրանքները, համապատասխան ֆոն ստեղծում հայ հանրության մեջ առ այն, որ ադրբեջանական գործողությունները համապատասխանում են այն իրավիճակին, ինչը բխում է խորհրդային քարտեզներից, հետպատերազմյան իրավիճակում ստեղծված իրողությունից։
Մանրամասները՝ տեսանյութում