Առաջնագծում իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական
«Առաջնագծում կատարվող իրադարձությունները այլևս հրադադարի խախտում չեն, իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել:
«Ադրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառված են: Ադրբեջանական կողմին հարկավոր է պատասխանել ոչ թե նույն զինատեսակների կիառմամբ, այլ թեկուզ փոքր ծավալով, բայց ավելի ճշգրիտ»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում:
«Սպանելով մեկ -երկու զինվորի, նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը», հավելեց մամուլի խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցած տարիներին էլ հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, սակայն միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել: