Ադրբեջանի հաղթանակը ճանապարհ բացեց դեպի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում․ Չավուշօղլու
Թուրքիան հանդես է գալիս թյուրքալեզու երկրների համագործակցության ճանապարհին բոլոր խոչընդոտների վերացման օգտին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների դիվանագիտության ղեկավարների 8-րդ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։
Դիվանագետն իր խոսքում կրկին շնորհավորել է Ադրբեջանին 44-օրյա Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել կազմակերպությունում Բաքվի նախագահության արդյունքներից։
«Ադրբեջանի հաղթանակը ճանապարհ բացեց դեպի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում»,- ասել է թուրք նախարարը։ Նրա խոսքով, Թյուրքական խորհրդի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի օրակարգում կարեւոր հարցեր կան։
«Առաջին հերթին կքննարկվի Թուրքմենստանի դիտորդի կարգավիճակը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում»,- ասել է Չավուշօղլուն։
Բացի այդ, նախատեսվում է կազմակերպության անվանումը փոխել Թյուրքական պետությունների կազմակերպություն։