ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բանտային հիվանդանոց տեղափոխելու շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մինչ այդ՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի կալանավորումը, իսկ այժմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը։ Այդ թվում՝ Վրաստանի օմբուդսմենի հայտարարությունը, որը հարցեր է առաջացնում՝ կապված բանտարկված նախագահ Սաակաշվիլիի վիճակի հետ», - ասել է Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիին անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն տրամադրելու համար։
«Ինչպես միշտ, նման դեպքերում, կառավարությունը պատասխանատվություն է կրում բանտարկյալներին պաշտպանելու բռնությունից, ներառյալ հոգեբանական բռնությունից, ապահովելով նրանց համապատասխան բժշկական օգնություն և երաշխավորելու, որ նրանց առողջության մասին մասնավոր տեղեկությունները չհրապարակվեն վրացական օրենսդրության համաձայն»,-ասել է Փրայսը: