Իրանը ողջունում է Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ խոսնակ
Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը մշտապես հանդես է եկել ադրբեջանական տարածքների օկուպացման դեմ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, հայտնում է ԱՊԱ-ն։
Նա խոսել է նաև Ադրբեջանի և Իրանի միջև թյուրիմացությունների վերացման կարևորության մասին։ ԱԳՆ խոսնակի խոսքով, երկու երկրների ղեկավարությունը կամք է դրսևորում խնդիրները լուծելու և կապերն ամրապնդելու համար։
«Մենք հարգեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը և աջակցեցինք դրան: Ուստի անցյալ տարի մենք շնորհավորեցինք այս երկրին օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ, շնորհավորեցինք Ադրբեջանին այսօր: Իրանը ողջունում է Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Խատիբզադեն:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ կանոնավոր բանակցություններ են ընթանում երկու երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների ու նրանց տեղակալների, ինչպես նաև այլ պատասխանատուների միջև։
«Մենք հուսով ենք, որ այս բանակցությունների արդյունքում Իրանի և Ադրբեջանի միջև թյուրիմացությունները կվերացվեն, և հարաբերություններն էլ ավելի կզարգանան»,- եզրափակել է Խատիբզադեն։