Այսօր փողոցներ են լուսավորում, որոնք 30-40 տարի լույս չեն ունեցել. սա շատ ուրախալի է ու ոգևորիչ. Փաշինյան (տեսանյութ)
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2021 թվականին կհատկացվի 532,121.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով։
Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը: 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բոլոր մարզերում իրականցվել է 1193 ծրագիր, ընդհանուր գումարը՝ ավելի քան 47 միլիարդ դրամ:
Փաշինյանը նաև նշեց, որ սուբվենցիոն ծրագերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի է ունեցել:
«Հայաստանւմ չի կարող լինել գեթ մի համայնք, որտեղ շատ շոշափելի, էական կապիտալ ներդրում չի արվել: Այսօր կառուցվում են ճանապարհներ, որտեղ 30-40 տարի ոչ մի աշխատանք չի արվել, փողոցներ են լուսավորում, որոնք 30-40 տարի լույս ընդհանրապես չեն ունեցել ու սա շատ կարևոր է, ուրախալի է ու ոգևորիչ», - հայտարարեց նա։