Արցախի Սարգսաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, բայց ոչ բնակավայրի ուղղությամբ
Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
«Հեռվում կրակոցի ձայներ են լսվել, ոչ մի արտառոց բան չկա, ամեն բան հանգիստ է այս պահին, մեկ-երկու կրակոց է լսվել, ուրիշ բան չկա»,- նշեց Ավանեսյանը:
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվել էին Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել էր ՊԲ 6 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Նույն օրը կրակոցներ էին եղել նաեւ Ասկերանի շրջանի Հարավ գյուղի հատվածում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտ քաղաքին հարակից այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից տրակտորի մեջ սպանվել էր նույն քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը: