Թալիբները միջազգային հանրությունից պահանջում են 1 միլիարդ դոլար
Թալիբները «G20»-ի գագաթնաժողովին մասնակցող երկրներից պահանջել են հատկացնել 1,2 միլիարդ դոլար։ Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Քաթարում թալիբների գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը։
Ներկայումս թալիբները Շահինի թեկնածությունն են առաջադրել ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում։
«Ձմեռը մոտենում է, ուստի միջազգային հանրությունը շտապ պետք է հատկացնի վերջերս հայտարարված օգնության փաթեթը, որը խոստացել էր Աֆղանստանի վերաբերյալ «G20»-ի վիրտուալ գագաթնաժողովում՝ աջակցելու բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչներին»,-գրել է Մ.Ս. Շախինը:
Նա նաև վստահեցրել է, որ Աֆղանստանի ինքնահռչակ Իսլամական Էմիրության կառավարությունը պատրաստ է համագործակցել մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու իրենց երկրի ժողովրդին։