ԱՄՆ-ը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին
ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում ազդում են Սպիտակ տան վրա, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը չընդունի միջուկային զենքի չկիրառման սկզբունքը, որն իբր կարող է «քաջություն տալ» Ռուսաստանին։ Համապատասխան տեղեկությունը տարածել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ի միջուկային քաղաքականությունը սառը պատերազմից ի վեր մնացել է «միտումնավոր մշուշոտ»։ Տեսականորեն ԱՄՆ-ը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել, ուստի նրա դաշնակիցները պաշտպանված են զգում իրենց «միջուկային հովանու ներքո»:
Այժմ Սպիտակ տունն ուսումնասիրում է միջուկային զենքի հնարավոր կիրառման քաղաքականությունը և հարցաթերթիկներ է ուղարկել դաշնակիցներին՝ պարզելու նրանց վերաբերմունքն այս հարցում։
Ըստ «FT»-ի՝ քաղաքականության վերանայմանը դեմ են արտահայտվել Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը, Տոկիոն և Կանբերան։