Ռուսական կողմը հսկում է հայկական դատը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահություն է հայտնում, որ Ավետիսյանների գործով ընթացող դատավարության դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով պատճառները:
«Առաջինը` դատաքննությունն անցկացվում է արտագնա նիստի տեսքով ռուսական ռազմաբազայում: Երկրորդ` նիստին ներկա են ռուս զինծառայողներ: Այս ամենը նշանակում է` ռուսական կողմը հսկում է հայկական դատը: Մենք համոզված ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի»,-ասաց Սաքունցը:
Նրա խոսքով, եթե Հայաստանի նախագահը հսկողություն չիրականացնի դատաքննության արդար ընթացքի համար, ապա Պերմյակովն ազատ չի լինի իր պատասխաններում, ցուցմունքներում եւ կխորացնի վարկածները, որ ռուսական կողմն ունի թաքցնելու բաներ, իսկ հայկական կողմն անտեսում է ՀՀ օրենսդրությունն ու աջակցում է այդ երեւույթները թաքցնելուն:
Արթուր Սաքունցը հայտնեց նաև, որ միջնորդություն կներկայացնեն դատական նիստն այլ դատարանի շենք տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ Պերմյակովի գործով դատավարությունը հետաձգվեց մինչև հուվարի 18-ը: Ավետիսյանների իրավահաջորդները դժգոհում են, որ նիստի համար ստեղծված չեն համապատասխան աշխատանքային պայմաններ: