ԱՄՆ-ն Աֆղանստանին լրացուցիչ 144 միլիոն դոլար է հատկացրել
Աֆղանստանի բնակչությանը հումանիտար օգնության շրջանակներում ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ 144 միլիոն դոլար են հատկացրել, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ն 144 միլիոն դոլարի նոր մարդասիրական օգնություն է տրամադրում Աֆղանստանում շարունակվող ճգնաժամից տուժած մարդկանց»,-ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, Աֆղանստանին մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականին կկազմի 474 միլիոն դոլար։
«Այդ օգնությունը տրամադրվում է անկախ մարդասիրական կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, «ՅՈւՆԻՍԵՖ»-ին, Միգրացիայի միջազգային կազմակերպությանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և այլ հասարակական կազմակերպությունների»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ֆինանսավորումը ուղղակի աջակցություն կտրամադրի ավելի քան 18 միլիոն աֆղանցու, այդ թվում՝ հարևան երկրներում փախստականներին, ասել է նա: