«Բավական է կառչեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից», «Այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի»․ Ռուբինյանը Քոչարյանի կապիտալը փրփուրի հետ համեմատեց (տեսանյութ)
Ազգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր խոսքի վերջում անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին և Վաղարշակ Հակոբյանին և ասաց, որ բավական է կառչել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից։
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանն ամբիոնին էր մոտեցել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով և ասում էր, որ եթե այդ լուսանկարը նույնիսկ Մադրիդի «Ռեալ»-ի շապիկի վրա փակցնեն, այդ թիմն այլևս չի հաղթի։
«Պարոն Ալեքսանյան, պարոն Վաղարշակ Հակոբյան, նորմալ է, որ կառչած եք, կախված եք Նիկոլ Փաշինյանից, բայց բավական է կառչեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից»,- ասաց Խամոյանը՝ եզրափակելով ելույթը։
«Այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի»,- տեղից փորձեց սրամտել ԱԺ փոխխոսնակ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը, ինչը երջանիկ ծիծաղ առաջացրեց իշխանական պատգամավորների շրջանում։
Ավելի ուշ երկրորդ անգամ կրկնեց նույն միտքը, որը Խամոյանն ուղղեց՝ այսինքն՝ մի՛ կառչեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից։