Առնվազն 11 մարդ է մահացել Հնդկաստանի լեռներում՝ ձյան տեղումների պատճառով
Առնվազն 11 մարդ, այդ թվում՝ լեռնային արշավորդներ, բեռնակիրներ և զբոսավարներ, մահացել են Հնդկաստանի հյուսիսում առատ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են:
«NDTV» հեռուստաալիքի տվյալներով՝ անցած երկուշաբթի Ուտարախանդ նահանգում անհետացել է 17 զբոսաշրջիկների խումբը և նրանց ուղեկցող անձինք՝ Լամխագա լեռնանցքն անցնելիս։ Նրանց որոնումները սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի զբոսավարների հաջողվել է հասնել մոտակա կացարան: Տեղական իշխանությունների խնդրանքով հոկտեմբերի 20-ին զինվորականները միացել են որոնման աշխատանքներին։
Փրկարարական գործողության ընթացքում, որին մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ երկու մարդ ողջ է հայտնաբերվել։ Հայտնաբերվել է 11 դի։ Ներկա պահին փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած չորս մարդկանց որոնումները շարունակվում են: Բոլոր զբոսաշրջիկները հնդիկ էին` Նյու Դելիից և Արևմտյան Բենգալի նահանգից: